Փաշինյան. Կառավարության ծրագրով տնտեսական հեղափոխություն ենք սկսում

Փաշինյան. Կառավարության ծրագրով տնտեսական հեղափոխություն ենք սկսում

PanARMENIAN.Net - Գործադիրի արտահերթ նիստում հաստատվել է կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության նախորդ նիստում, սակայն այն չէր հաստատվել, որպեսզի որոշ խմբագրական աշխատանքներ իրականացվեն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, փորձել են մաքսիմալ մշակել ստացված առաջարկները և ներառել նախագծում, հայտնում է Panorama.am-ը:

«Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք զբաղվել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկու օր առաջ հրապարակված կառավարության ծրագրի հետ կապված եղել են որոշակի արձագանքներ, որոնց շուրջ կառավարությունում քննարկում են նախաձեռնել:

«Դա մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ և ՀՀ քաղաքացիներին քաջալերել, որ օգտվեն այդ հնարավորություններից. «Այդ հնարավորությունները պետք է լինեն կիրառելի, այլ ոչ դեկլարատիվ, և մարդիկ կարողանան տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք կառավարությունը պետք է ապահովի կիրառման համապատասխան գործիքակազմով»:

Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում, հավանաբար, փետրվարի 12-ին կքննարկվի: Այդ մաիսն հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---