ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵԽԽՎ ղեկավարին ծանոթացրել է Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի զարգացումներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների եւ ԵԽԽՎ թիվ 1609 ու 1620 բանաձեւերի դրույթների իրականացման ընթացքին: Վերահաստատելով, որ ժողովրդավարական զարգացումը հայ ժողովրդի գիտակցված եւ անշրջելի ընտրությունն է, եւ Հայաստանի ղեկավարությունը վճռական է տրամադրված այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու գործում, ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Եվրոպայի խորհրդի կառույցների, այդ թվում` Խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը այդ հարցում մեր երկրին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:



ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին ծանոթացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաեւ վերահաստատեց 2007 թ. նոյեմբերին Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առկա գործընթացը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը:
 Ուշագրավ
---