Գերմանիայի նվիրած 2800 եղևնիներն արդեն քաղաքային տնկարանում են

Գերմանիայի նվիրած 2800 եղևնիներն արդեն քաղաքային տնկարանում են

PanARMENIAN.Net - Երևանի 2800-ամյակի առթիվ Գերմանիայի Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են:

«Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք, իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին հրավիրված Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի, Շվեբիշ-Գմյունդ քաղաքի և Օստալբ շրջանի պատվիրակությունն իր յուրօրինակ նվերն է արել Երևանին: Բնապահպանական նշանակությամբ նախաձեռնության նպատակը քաղաքին մնայուն հիշողություն թողնելն էր:

«Գալիս էին մի քաղաք, որը 2800-ամյա պատմություն ունի, մի մայրաքաղաք, որը համարվում է քրիստոնեության առաջին կրող պետության մայրաքաղաքը: Ինչ անեն, որ մնայուն լինի: Քահանա Կառլ-Հայնց Շայդեն առաջարկեց 2800 հատ ծառ նվիրել Երևանին: Ծառերը պետք է երկու-երեք օրում տեղ հասնեին: Տեղափոխման հարցում էլ աջակցեց «Լուֆթհանզա» ավիաընկերությունը»,- ասել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Խորհրդանշական 2800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպարը կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---