Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի կալանքը վերացվել է

Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի կալանքը վերացվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը վերացվել է: Այդ մասին ասվում է 2018-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ, որտեղ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով կալանավորված Քոչարյանի պայմաններին կալանավայրում:

Ավելի վաղ ՄԻՊ-ը դիմել էր ՀՔԾ՝ նշելով, որ մեղադրյալի ամբողջ ծավալով պետական կենսաթոշակի վրա կալանքը կարող է առաջ բերել սեփականության իրավունքին պետության կողմից ոչ համաչափ միջամտության խնդիր:

ՄԻՊ-ի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին խցում համակարգիչ ունենալու թույլտվություն է տրվել՝ առանց համացանցի հասանելիության:

Նշվում է նաև, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել էր նրան «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվել են պահման պայմաններն ու Պաշտպանի իրավասությանն առնչվող այլ հարցեր: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:

Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահի կողմից բարձրացվել էին մի շարք հարցեր, որոնք սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության շրջանակներում ուղղվել են համապատասխան պետական մարմինների:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---