Արամ Մանուկյանի տունը քանդելու փաստով քրգործ է հարուցվել

Արամ Մանուկյանի տունը քանդելու փաստով քրգործ է    հարուցվել

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:

Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արամի 9 հասցեում է գտնվում Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը։ Շենքը կառուցվել է 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։

1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թ. նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում։ Արամ Մանուկյանն այստեղ ապրել է 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թթ։ Նա մահացել է 1919 թ. հունվարին՝ ծանր հիվանդությունից։

Այս տանն է ապրել հայ անվանի ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, գիտության վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանը՝ իր ընտանիքի հետ։ 2005 թվականից շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---