Սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում. Ոստիկանների ու հարազատների վարկածները տարբեր են

Սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում. Ոստիկանների ու հարազատների վարկածները տարբեր են

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկատվությունը, թե ոստիկանության Նոր Նորքի բաժնում «դաժան ծեծի է ենթարկվել» սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը:

Ավելի վաղ ցանցում Ծատինյանի քույրը ներկայացած Մարիամ Մկրտչյանը գրել է, որ այն թաղամասում, որտեղ ապրել է իր եղբայրը, մի տարեց կին է սպանվել. Ծատինյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ սպանության դեպքով հարուցված քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել:

Քույրը պնդել է, որ իր եղբորը բաժին տարած ոստիկանները նրան ծեծել են, ապա «սպառնացել թմրադեղը գցել գրպանը, իսկ վերջինս հրաժարվելով կուլ է տվել այդ թմրադեղը»:

Մինչդեռ ըստ ոստիկանության հաղորդագրության, Ծատինյանի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

«Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---