Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների մասին. Կոռեկտությունը պետք է պահպանվի

Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների մասին. Կոռեկտությունը պետք է պահպանվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, յուրաքանչյուր պետություն պետք է շատ հստակ գիտակցի, որ եթե հեռարձակվում են որևէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում։Այդպես է Նիկոլ Փաշինյանն արձագանքել այն դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, թե ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։ «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցները», - ասել է նա։

«Կոռեկտությունը պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործը դատական փուլ կմտնի ու միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու։

Այն հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»։

Ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության հակահայկական հաղորդումներին:Նա, դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվել էր, թե հնարավոր է արդյոք սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---