Մեսչյան. Եթե աշխատավարձերը չբարձրանան, աշխատողներիս 18:00-ին տուն եմ ուղարկելու

Մեսչյան. Եթե աշխատավարձերը չբարձրանան, աշխատողներիս 18:00-ին տուն եմ ուղարկելու

PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մասնավորապես իր համակարգման ոլորտում գտնվող բաժինների աշխատակիցները շատ են աշխատում ու նրանց վարձատրությունը համարժեք չէ: Նա հավելել է, որ եթե նրանց աշխատավարձը չբարձրանա, 18:00-ին բոլորին տուն է ուղարկելու:

«Նրանք մինչև գիշերվա ժամը 11-ն աշխատում են ու երբ հեռուստատեսությամբ լսում են անդուր նախադասություններ իրենց աշխատավարձի վերաբերյալ, որ մի քանի կոպեկ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած դա այնքան էլ ազնիվ չէ»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»:

«Ես մի բան պետք է ասեմ, չզարմանաք. եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18-ին բոլորին ես ուղարկելու եմ տուն: Ոչ ոք ժամը 18-ից հետո աշխատաքի վայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Կարող եք դա ընդունել որպես նախազգուշացում»,- հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Նա հավելել է, որ ոչ ոք չի եկել քաղաքապեարան աշխատելու՝ հարստանալու, գումար վաստակելու կամ ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակով: «Մենք իսկապես փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին, և գոնե բարոյական աջակցություն ինչ-որ չափով պետք է պահանջենք ձեզանից»,- հավելել է նա:

«Վերջերս բավականին ակտիվ խոսվում է քաղաքապետարանի ոչ շատ հաջող աշխատանքի մասին, ինչը շատ հետաքրքիր է: Սրած դանակով կտրվում է ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու իրավիճակը, առանց հաշվի առնելու պայմանները: մեկ-մեկ դա բավականին զարմանալի է, սկսած աշխատավարձերի հարցերից, վերջացրած նրանով, որ մենք խոչընդոտում ենք ներդրումային ծրագրերին, ուշացնում ենք շինարարության թույլտվությունները: Այսինքն՝ բավականին այսպես լուրջ մեղադրանքներ են գալիս մեր հասցեին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գլխավոր ճարտարապետը:

Նա չի բացառել, որ այդ մեղադրանքները որոշակի հիմք ունեն, բայց և նկատել է, որ ավելին անել այսօր ուղղակի չեն կարող: «Խոսվում է, թե ինչու չեն արվում համակարգային փոփոխություններ: Համակարգային փոփոխությունները սկսվում են օրենքների փոփոխություններով, համակարգային փոփոխությունները օդից չեն գալիս եւ օրենսդրական դաշտի առումով բավականին տխուր վիճակի մեջ ենք»,- արձանագրել է Մեսչյանը:

Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը քննարկվելու էր ավագանու մայիսի 8-ի նիստում: Օրինագծով նախատեսվում էր, որ քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ: Սակայն Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը։

Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը Երևանի բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացներ: Ինչպես ավելի վաղ նշել էր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝«ստացվում էր, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը ավելի քիչ ստանալու աշխատավարձ կստանային, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»:

Ընթերցեք նաև. Մեսչյան. Մինչև հունվար ուզում ենք ավարտել մետրոյի նոր կայարանի նախագիծը, 2020-ին՝ շինաշխատանք սկսել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---