Չինացիները պատրաստ են հայկական գինի ու կոնյակ ներմուծել և ՀՀ-ում վերելակների գործարան հիմնել

Չինացիները պատրաստ են հայկական գինի ու կոնյակ ներմուծել և ՀՀ-ում վերելակների գործարան հիմնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL-ի ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները: «Այսօր Հայաստանում կատարվում են լուրջ փոփոխություններ, մեր երկրում վերացված են համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը։

Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց գործունեությանը և հավելել, որ հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել մեր երկրում` ստեղծելով արդյունաբերական գոտի:

MZTL ընկերության ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:

Երևան վերադառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն: Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---