Նախագահ. ՀՀ և Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ

Նախագահ. ՀՀ և Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:

«Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական համաժողովը: Մեր երկրներն ունեն բարեկամական և գործընկերային փոխհարաբերություններ, և այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն»,-նշել է Ղազախստանի նախագահը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որն արդեն կրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, ով նշանակալի ավանդ ունի ինչպես իր երկրի, այնպես էլ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Մեր երկու ժողովուրդները շփվում են դարեր ի վեր: Մեր պետությունների միջև հարաբերությունները պատմականորեն խորն արմատներ ունեն, և բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են: Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։

Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից: Նախագահ Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---