Ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը պատժելու մասին ԲՀԿ-ի նախագիծը չի ընդունվել. Արարքն արդեն քրեականացված է

Ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը պատժելու մասին ԲՀԿ-ի նախագիծը չի ընդունվել. Արարքն արդեն քրեականացված է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 13-ի նիստում չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով պատիժ է նախատեսվում 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար:

Ըստ կառավարության, նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածում նկարագրված որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են: Այսպես, տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, որպես հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար:

«Ինչ վերաբերում է նույն արարքին, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունները մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, ապա այդպիսի արարքները որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար», - ասցած է ՀՀ կառավարության առաջարկության մեջ:

Նշվում է, որ քրեական իրավունքի տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում անառակաբարո գործողությունները ընդունված է բաժանել երկու տեսակի՝ ֆիզիկական և ինտելեկտուալ: Ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններն են համարվում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանոթացնելը և նման այլ արարքները: Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ Նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ», - ասված է կառավարության որոշման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---