Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա

Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա

PanARMENIAN.Net - Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքը ինքնագնաց երթուղային կունենա, որը շենքից շենք կտեղափոխի «քաղաքի բնակիչներին»։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառման մասնակիցներից YEA engineering կազմակերպության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը «Ռադիոլուրին» ասել է, որ այժմ ինքնագնաց մեքենաների ակտիվ փորձարկումներն են իրականացվում Սան-Ֆրանցիսկոյում, Սինգապուրում, նաև ԱՄՆ Արիզոնա նահանգում:

Թե երբ ինքնագնաց մեքենաները դուրս կգան երթուղի, դեռ պարզ չէ, բայց հայկական ինժեներական միտքն աշխարհին օգնում է այս հարցում. հայ մասնագետները ներգրավված են թեսթավորման աշխատանքներում:

Հունիսի 24-ին ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում մեկնարկել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը: Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը: Տարածքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---