Վրաստանի խորհրդարանի նոր նախագահը հայտնի է

Վրաստանի խորհրդարանի նոր նախագահը հայտնի է

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը հաստատել է Արչիլ Թալակվաձեի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում: Թալակվաձեն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից է:

Թալակվաձեի օգտին է քվեարկել 150 պատգամավորներից 94-ը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Թալակվաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը գլխավորելը մեծ պատասխանատվություն է:

Թալակվաձեն պատգամավոր է ընտրվել 2016-ին: Մինչ այդ նա երկու տարի եղել է ՆԳ փոխնախարար:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց Թբիլիսիի կենտրոնում հունիսի լույս 21-ի գիշերը բողոքի ցույցից հետո:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---