ՀՀ նախագահ. Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ նախագահ. Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Այդ մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։

«Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլև այն երկիրն է, որը մասնավորապես մշակութային առումով խորապես եվրոպական է և միշտ է այդպիսին եղել։ Ուստի, ավելի քան բնական է, որ ավելի մոտ ենք դառնում Եվրամիությանը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան՝ սկսած մեր կրոնից, մշակույթից մինչև գրականություն ու երաժշտություն»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարաբերությունները Եվրամիության հետ ավելի կսերտանան և կխորանան։ «Մենք դրա համար մեծ ներուժ ունենք»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան այցելել նաև ընտանիքի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սա իր երրորդ այցն է Հայաստան։ «Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,- նշել է նա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Առանձնազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն օրակարգային մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---