Օսիպյան. C կարգի վկայականի համար վարորդները լրացուցիչ դասերի կմասնակցեն

Օսիպյան. C կարգի վկայականի համար վարորդները լրացուցիչ դասերի կմասնակցեն

PanARMENIAN.Net - Վարորդները C կարգի վկայականի համար լրացուցիչ դասերի կմասնակցեն, նորից քննություն կհանձնեն։ Այս մասին կառավարության հուլիսի 11-ի նիստում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Վերջինս հայտնել է, որ վարորդական իրավունք ձեռք բերելու C կատեգորիան ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում, գրում է pastinfo.am-ը։

«Այսօր քաղաքացիներն ինչպես են վարորդական իրավունք ձեռք բերում։ Գալիս են ասում, որ գիտելիք ունեն և պատրաստ են՝ առանց լրացուցիչ ուսանելու։ Հիմա ուզում ենք C կատեգորիայի համար վարորդը գնա լրացուցիչ դասերի, նոր քննություն հանձնի», - ասել է ոստիկանապետը։

Խոսելով վթարների պատճառների մասին՝ Օսիպյանը նշել է, որ դրանք ոչ միայն ոստիկանության գործառույթներով են սահմանափակվում, պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորությունը, նաև այն, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում, հայտնում է Shantnews-ը:

«Կարելի է ասել՝ բնույթ չի կրում, տեխզննություն չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ներկայացվում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը, գլորվել ձորը, այսինքն՝ մի դետալ մաշվել է, որովհետև այսօր շուկայում ներկրողները մեքենաները փայլացնում են արտաքնապես, բայց որոշ մասեր հնամաշ վիճակում են, նախկինում զննություն անցնելուց հետո նոր թույլատրվում էր շահագործում: Օրինակ`Դուբայում նայում են՝ անվադողերը իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողին այստեղ բարձր գին կտան, բայց այնտեղ, եթե այդ անվադողը ժամկետանց է, չեն թույլատրում շահագործել»,- ասել է նա:

Փաշինյանը արձագանքել է՝ նշելով, որ այս խնդրի լուծումը տուգանելը չի կարող լինել, քանի որ այդ քաղաքականությունը միայն տեղային արդյունքի է բերում, 500 մետրի վրա դեպքերի նվազեցման, եթե, իհարկե, բերում է, այնպես որ պետք է երեք ուղղությամբ գնալ՝ թե ոստիկանության բարեփոխումների փաթեթում ՃՈ աշխատանքը, երթևեկության անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը վերագնահատել, երկրորդը բալային համակարգի ներդրումն է, երրորդը քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որ քաղաքացիները հնարավորություն ունենան նաև իրենց նպաստը բերել երթևեկության անվտանգության պահպանմանը:

Կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին օրերի խոշոր ավտովթարներին, հայտարարել է, որ վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են անում, պետք է ընդհանրապես հեռացվեն երթևեկությունից:

Ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---