Գիտությանն ու մշակույթին մոտ 1 մլրդ դրամ կհատկացվի

Գիտությանն ու մշակույթին մոտ 1 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Գիտությանն ու մշակույթին մոտ 1 մլրդ դրամ կհատկացվի: ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:

Հուլիսի 11-ի կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420 մլն դրամի չափով իրականացնել թվով 7 սարքերի և սարքավորումների՝ ձեռքբերման ներդրումային ծրագրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել մոտ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել.

«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ նեդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,-նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90 մլն դրամ, մինչդեռ 2018-ին հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:

Նույն որոշման համաձայն՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին հատկացնել 280 մլն դրամ՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման համար: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում գիտական հետազոտությունների և տնտեսության համապատասխան բնագավառի տվյալների բազաների ստեղծում, վարում, վերլուծություն և (վերա) վերլուծություն, հետազոտական գործիքակազմի տրամադրում օգտատերերին, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում տվյալների վերլուծության մեջ և այլն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---