Նորվեգիան պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ արտաքին հարաբերությունների հարցերով պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով Նորվեգիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում եւ բարձր են գնահատում Նորվեգիայի ժողովրդի աջակցությունը 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացին, որին անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենը, ով աշխատել է Հայաստանում նորվեգական Կարմիր խաչի կազմակերպությունում եւ Սպիտակի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոցում: Էդվարդ Նալբանդյանը, ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կարեւորեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:



Ռայմոնդ Յուհանսենն իր հերթին նշեց, որ Նորվեգիան կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:



Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյնաը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը:



Ռայմոնդ Յուհանսենը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստորեի Նորվեգիա այցելելու հրավերը:
 Ուշագրավ
---