Վեթինգ լինելու է. ԱՆ-ն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցին

Վեթինգ լինելու է. ԱՆ-ն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցին

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շուրջ շահարկումներին:

Շեշտվում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը:

«Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա: Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:

«Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (Հունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այս գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից:

«Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունից սքրինշոթեր: Ըստ դրանց, Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։

«Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում», - ասված է հրապարակման մեջ։

Ընթերցեք նաև՝ «ՍԴ շուրջ իրավիճակի մասով վարչապետն առաջիկայում հայտարարություն կանի»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---