Սերգեյ Լավրով. Միջնորդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հնարավորություն են տեսնում

PanARMENIAN.Net - Հայաստանն, ըստ էության, շրջափակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Հայաստանը մեծ խնդիրներ ունի արտաքին աշխարհի հետ հաղորդակցման գործում: Հայ ժողովրդի արմատական շահերի մեջ է մտնում այդ իրադրությանը որքան հնարավոր է արագ լուծում տալը:



«Գործնականում աշխարհագրական եւ քաղաքական ելքերը շատ չեն: Հենց որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փաստ դառնա, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս նորմալ հարաբերություններ հաստատի արտաքին աշխարհի հետ, բնականաբար Երեւանի եւ Անկարայի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով: Դեռեւս մինչ կովկասյան ճգնաժամը շատ լավ շանս ընձեռվեց` առաջ գնալու ղարաբաղյան կարգավորման գործում` միջնորդների` այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ հանդիպումների միջոցով: Մշակվել է բովանդակալից փաստաթուղթ, որը բնութագրում է կարգավորման բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները:



Չլուծված են մնացել երկու-երեք հարցեր, որոնք ենթակա են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումներին համաձայնեցվելու: Եւ այդպիսի հանդիպումները, ինչպես մենք ենք հասկանում, տեղի կունենան Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններից հետո: Ամենից առաջ խոսքը գնում է Լաչինի միջանցքի մասին: Եւ մեր` որպես երեք միջնորդներից մեկի, կանխազգացումն այնպիսին է, որ լուծումը լիովին հնարավոր է: Դրա լուծումն, իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանն են իրականացնելու ուղիղ պայմանավորվածությունների շրջանակներում, բայց միջնորդները` ռուսները, ամերիկացիներն ու ֆրանսիացիները, որոնք շատ լավ հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբություններն ու զգայունությունը, լուծման հնարավորություն են տեսնում»,- հայտնել է Սերգեյ Լավրովը «Ռուսական թերթին» տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---