Ֆրանսիայի ԱԳՆ. Իրանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի թույլտվության կարիքը չունենք

Ֆրանսիայի ԱԳՆ. Իրանի հետ հարաբերություններում  ԱՄՆ-ի թույլտվության կարիքը չունենք

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ԱՄՆ-ի թույտվության կարիքը չունի Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմացնելու ջանքերում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու մեջ: Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ում: Նա գրել էր, թե Փարիզը Թեհրանին հակասական ուղերձներ է հղում:

«Իրանի հետ հարաբերություններում Ֆրանսիան ինքնիշխան է գործում: Ֆրանսիան հավատարիմ է անվտանգությանն ու խաղաղությանը տարածաշրջանում և պարտավորվում է նպաստել լարվածության նվազեցմանը: Ֆրանսիային դրա համար թույլտվություն հարկավոր չէ: Ֆրանսիան հավատարիմ է Վիեննայի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, որն արգելում է միջուկային զենքի տարածումը»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ն բանակցություններ է ցանկանում, ապա հարկավոր է չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:

Ֆրանսիայի նախագահը մշտական շփման մեջ է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, և ինչպես հայտնում է AFP-ն, հասկացրել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Հուլիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է ռազմական կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար: Վերջին ամիսներին Հորմուզի նեղուցում մի շարք հարձակումներ են եղել նավթային լցանավերի վրա: ԱՄՆ-մ մեղադրում է Իրանին, իսկ Թեհրանը ժխտում է իր առնչությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---