Տոնոյան. Իմ ներքին համոզմամբ՝ զինվորն ուղղակի մոլորվել է

Տոնոյան. Իմ ներքին համոզմամբ՝ զինվորն ուղղակի մոլորվել է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով, կոչ է արել կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասել է նա, հայտնում է Shantnews-ը:

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,-ասել է Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ՝ Տոնոյանն ասել է, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասել է նաև, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արել Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքերում։

Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն պնդումներին, թե ՊԲ շարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---