13 հոկտեմբերի 2008 - 15:33 AMT
ԼՂՀ. Ադրբեջանում ընտրությունների հոտ անգամ չի գալիս
«Ժողովրդավարական ընտրությունները նախ եւ առաջ պայմանավորված են իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առողջ պայքարով: Ադրբեջանում ճիշտ հակառակն է կատարվում»,-հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը Ադրբեջանում նախընտրական իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքերով, նախագահի պաշտոնին հավակնող շատ թեկնածուներ կան, սակայն նրանք բոլորը, բացառությամբ գործող նախագահի, հանդես են գալիս որպես անխոս դերակատարներ: Պատահական չէ, որ եւ քաղաքական, եւ հասարակական լայն շրջանակներում հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ մարել է, եւ արդեն պարզ է, որ ընտրություններն անհետաքրքիր ու կանխատեսելի են լինելու: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ իրականում արդեն քվեարկելու անհրաժեշտություն չկա: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի մայրաքաղաքում սոցիալական հարցման մասնակիցների մեծամասնությունը չի կարող անգամ թվել նախագահի բոլոր թեկնածուների անունները, նշել է Գ.Գրիգորյանը:

«Ընտրությունների նկատմամբ ոչ մեծ հետաքրքրության մասին է վկայում նաեւ Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետեւող ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով բյուրոյի /ԺԻՄԻԲ/ հաշվետվությունը: ԺԻՄԻԲ դիտորդները այն կապում են մրցունակության պակասի հետ: Փաստաթղթում մասնավորապես խոսվում է այն մասին, որ պետության ղեկավարը պաշտոնական կարգավիճակում այցելում է երկրի տարբեր շրջաններ եւ բավականին դժվար է տարբերել պաշտոնական գործունեությունը քարոզչական ընտրարշավից: Ընդ որում, հատուկ նշվում է, որ Բաքվի գործադիր իշխանությունը «Հանրահավաքների ազատության մասին» օրենքը մեկնաբանում է սահմանանափակ ձեւով` ամեն կերպ խոչընդոտելով ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերին: Այն, որ Ադրբեջանում փաստորեն ընտրությունների հոտ անգամ չի գալիս, փաստել է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Միաժամանակ, շատ միջազգային կազմակերպություններ նախընտրում են ուղղակի հետեւել, թե ինչպես են Ադրբեջանում խախտվում սահմանադրական իրավունքները եւ ճնշվում ժողովրդավարական ազատությունները: Վարելով «երկակի չափանիշների» քաղաքականություն` Արեւմուտքը, որն իրեն ժողովրդավարական իրավունքների ու ազատությունների պաշտպան է համարում, կամա թե ակամա այս երկրին ավելի է հեռացնում ընդհանուր եվրոպական չափանիշներից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արեւմուտքը պատրաստ է հրաժարվել «ժողովրդավարական սկզբունքներից»` հօգուտ Ադրբեջանում իր մերկանտիլ շահերի, իսկ ընտրական գործընթացները նրա համար պարզապես ազդեցության գործիք եվ քաղաքական խաղում մանրուն դրամ են դարձել»,-հայտարարել է Գ.Գրիգորյանը: