ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ կանոնակարգը չի արգելում երրորդ երկրին զենքի վաճառքը

ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ կանոնակարգը չի արգելում երրորդ երկրին զենքի վաճառքը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ կանոնադրությունը չի արգելում զենքի վաճառքն երրորդ երկրին: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի այն հարցին, թե ինչ է արվում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու համար:

«ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում, ցավոք, չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է անդամ պետություններին»,-ասել է նա, հայտնում է Shantnews-ը:

Փոխնախարարը հավելել է, որ այսինքն՝ միջազգային իրավունքի տեսակետից որևէ բան չի խախտվում:«Բայց մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այն հարաբերությունները, որ կան ՀԱՊԿ-ում, ուրեմն՝ ներսում հարաբերությունները պետք է այլ ոճի լինեն, հետևաբար` այն պարտավորությունները, որ կան ներսում, պետք է գերակա լինեն»,- ասել է նա:

«Շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ինչ դաշնակցային հարաբերություն, բայց մյուս կողմից մենք շատ ավելի անհամեմատ մատչելի գնով ենք ստանում այդ զենքը։ Ավելին, մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որ բացառիկ է», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նկատել է, որ սա բոլորովին էլ չի նշանակում, որ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում ՀՀ-ն խնդիր չի տեսնում՝ նկատելով, որ այս հարցը Հայաստանի կողմից պարբերաբար բարձրացվում է։

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը 2016-ի ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---