Հայաստանը դեսպանատներ է բացում Իսրայելում ու Եթովպիայում

Հայաստանը դեսպանատներ է բացում Իսրայելում ու Եթովպիայում

PanARMENIAN.Net - Հայաստանն Իսրայելում ու Եթովպիայում ռեզիդենտ դեսպան ու դեսպանություն կունենա։ Համապատասխան որոշումները սեպտեմբերի 19-ի նիստին հավանության է արժանացրել ՀՀ կառավարությունը։

ՀՀ-ն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունեն 1992 թ-ից, սակայն ներկայացված են եղել ոչ ռեզիդենտ դեսպաններով։ Իսրայելում կա հայկական մեծ համայնք, բացի այդ՝ երկիրն Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարներից է։

Նախագծի հիմնավորումում նշվում է, որ կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը ստեղծելը:

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալը ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը», - գրված է նախագծի հիմնավորումում։

Նիստի ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կոնկրետ ժամկետներ նշելը վաղաժամ է, քանի որ դեռ քննարկվելու հարցեր կան։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ կոնկրետ որտեղ է բացվելու դեսպանատունը։ Մնացականյանը նշել է, որ տեղն ընտրվելու է, հաշվի առնելով ՀՀ՝ նախկինում բազմիցս արտահայտած դիրքորոշումը (Իսրայելը մայրաքաղաք է համարում Երուսաղեմը, սակայն միջազգային հանրության մեծ մասն, այդ թվում՝ ՀՀ-ն, մայրաքաղաք է համարում Թել Ավիվն ու տեղակայում է դեսպանություններն այնտեղ – խմբ․): Մնացականյանը նաև ասել է, որ Իսրայելի դեսպանատուն ՀՀ-ում դեռ չի բացվում, սակայն այդ ուղղությամբ էլ է վարվելու երկխոսություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---