Փաշինյան. Հայաստանում չգտնվեց օրը 5000-15,000 դրամով աշխատող, հնդիկները գործն արեցին

Փաշինյան. Հայաստանում չգտնվեց օրը 5000-15,000 դրամով աշխատող, հնդիկները գործն արեցին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև Հայաստանում գործազրկությանը վերաբերող հարցին: Վարչապետն ընդգծել է, որ գործազրկության բարձր ցուցանիշին զուգահեռ Հայաստանում կան նաև գործատուներ, որոնք չեն կարողանում աշխատող գտնել:

«Ես բազմիցս քննադատվել եմ այն բանի համար, որ պնդել եմ՝ բազմաթիվ թափուր աշխատատեղերի գոյության պատճառներից մեկը նաև այն է, որ շատ դեպքերում մարդիկ նախընտրում են չաշխատել, որ հանկարծ չկտրվեն սոցիալական նպաստից: Վերջին շրջանում հաճախ եմ շփվում գործարար շրջանակների հետ, և չի եղել մի հանդիպում, որտեղ չբողոքեն մարդիկ, որ չեն կարողանում աշխատող գտնել. սա համատարած պրոբլեմ է ՀՀ-ում»,-ասել է Փաշինյանը, հայտնում է 24news.am-ը:

Վարչապետի խոսքով՝ 3-4 ամսվա ընթացքում նախարարությունը ի հայտ է բերել 7000 թափուր աշխատատեղ, շուրջ 5000 հոգի աշխատանքի է տեղավորվել: Չնայած դրան՝ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ «Ձյունիկ» սառնարանի հրդեհի ժամանակ մեծ քանակությամբ միս տեղափոխելու աշխատանքն այդպես էլ ոչ մի հայաստանցի չի կատարել:

«Հրդեհից հետո հարյուրավոր տոննաներով մսամթերք էր փչացել, համաճարակի վտանգ կար: Չնայած կառավարության պարտավորությունը չէր, բայց ֆինանսավորեցինք, որ փչացած մսամթերքը հեռացվի: Մենք ասում էինք՝ քանի որ անվտանգության հետ կապված խնդիր է, վճարեք մարդկանց 5000-10,000 դրամ»,- պատմել է Փաշինյանը, նշելով՝ Հայաստանում «մի մարդ չգտնվեց, որ կգար օրը 5000-15,000 դրամով այդ աշխատանքը աներ», արդյունքում գործը կատարեցին Հնդկաստանի քաղաքացիները:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը նշել է, որ իր կարծքիով Հայաստանում ցածր որակավորման աշխատող ռազմավարական հեռանկարում չպետք է լինի, սակայն մյուս կողմից էլ տեսնում է, որ կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր: Վարչապետն ընդգծել է, որ պետությունն իր հերթին թեթևացնում է բիզնեսի հարկային բեռը և խրախուսում անհատ ձեռներեցներին:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 2019 գործազուրկների միջին ամսական թվաքանակը 63,243 մարդ է: Վարչապետ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է գործազրկության հարցին՝ նշելով, որ կա նաև աշխատողի՝ աշխատաշուկայի պահանջներին չբավավրելու խնդիրը:

Օրենսդրական փոփոխություններից հետո նպաստառուները աշխատելու պարագայում նպաստից չեն զրկվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---