Երևանն ու Մոսկվան փորձում են հարթել երկաթուղու շուրջ տարաձայնությունները

Երևանն ու Մոսկվան փորձում են հարթել երկաթուղու շուրջ տարաձայնությունները

PanARMENIAN.Net - ՀՀ վերահսկողական մարմինների կողմից Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում առաջացած տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ դեռ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ն մտադիր էր խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ ՀՀ-ում արգելափակվում է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունը, որը ՌԵՈւ-ի դուստր ձեռնարկությունն է և կառավարում է Հայաստանի երկաթուղային ուղիները: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական կողմը մշակում է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար:

Պատասխանելով «Ռուսական երկաթուղու» գործունեությունը հանրապետության տարածքում կասեցնելու հնարավորության մասին հարցին՝ ՏԿԵ նախարարությունից նշեցին, որ առաջ են շարժվում այն կանխավարկածով, որ երկաթուղին հավատարմագրային կառավարման է հանձնված, հետևաբար զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը, գործընթացները կապվում են այդ կազմակերպության հետ:

ՏԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանի խոսքով՝ հայկական կողմը չի դիտարկում որևէ այլ կազմակերպության հետ համագործակցության հնարավորություն, քանի որ երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնված է 30 տարով և այդ կազմակերպության հետ իրականացվում են տարբեր տեսակի միջոցառումներ:

Կոնցեսիոն պայմանագիրը ՀՀ կառավարության ու ուսաստանյան երկաթուղիների միջև կնքվել էր 2008 թվականին 30 տարով՝ 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։ Երկաթուղու շարժակազմը՝ գնացքները, ավելի քան 2000 վագոն, էլեկտրագնացքները, լոկոմոտիվները և այլն, հանդիսանում են ռուսական կողմի սեփականությունը։

2018-ի օգոստոսին Հարավկովկասյան երկաթուղիների գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին՝ մոտ $19 հազար հարկ չվճարելու կասկածանքով: Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրգործ է հարուցվել տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ, որը թաքցրել էր ՀԿԵ-ում հայտնաբերված չարաշահումները: Բացի այդ, 2018-ին ՔԿ-ն ստուգումներ սկսեց ընկերությունում՝ ստուգելով վերջին 10 տարվա գործունեությունը, 228,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---