Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն ակտիվորեն կմասնակցի սեւծովյան եւ կովկասյան տարածաշրջանների խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ակտիվորեն կմասնակցի սեւծովյան եւ կովկասյան տարածաշրջանների խնդիրների լուծմանը: Այդ մասին այսօր Երեւանում մեկնարկած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Ցավոք, վերջին իրադարձությունները Վրաստանում, ինչպես նաեւ առկա լարվածությունը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խոչընդոտում է սեւծովյան տարածաշրջանի զարգացմանը: Լարվածությունը մեղմելու համար ԱՄՆ-ն բաց երկխոսության կոչ է անում բոլոր կողմերին»,-ասել է դեսպան Յովանովիչը: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Երեւան այցելելու հրավերն, ուղղված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` երկու երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու համար եւ Թուրքիայի նախագահի կողմից հրավերի ընդունումը համարձակ քայլ էր: «Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը լավ դիվանագետներ են: Նրանք ուղիներ գտան համագործակցության համար եւ նրանց ձեռնարկած քայլերը կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ փոխադարձ վստահության ձեւավորմանը»,-ասել է ամերիկացի դիվանագետը:



Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Մարի Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ-ն որոշակի հույսեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «2004 թվականից ի վեր, բանակցային գործընթացում որոշակի առաջխաղացում է նկատվում եւ այսօր բանակցությունների սեղանին է հակամարտության կարգավորման փաստաթղթերի փաթեթը»,-նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---