«Էրեբունի» թանգարանը նոր մասնաշենք կունենա. Պայմանագիրը կնքվել է

«Էրեբունի» թանգարանը նոր մասնաշենք կունենա. Պայմանագիրը կնքվել է

PanARMENIAN.Net - «Էրեբունի» թանգարանը նոր մասնաշենք կունենա, որի կառուցումից հետո հնարավոր կդառնա վիրտուալ շրջագայությունը պատմության ու ժամանակի միջով:

Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:

Քաղաքապետ Հայկ Մարությանն, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:

Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար:

Ապրիլին Ջոն Դիքրան Բալյանը Երևան էր ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Գործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---