Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ղազարյանը կամավոր հատել է սահմանը, հայկական կողմը պնդում է, որ նա կարող էր մոլորվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---