ՀՀ ԱԳՆ. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը նոր խթան կհաղորդի Ղարաբաղի շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - Հայաստանը մեծապես կարեւորում է եւ ողջունում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Մոսկվա է հրավիրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում անցկացնելու նպատակով: Այս հանդիպումը նոր խթան կհաղորդի բանակցային գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եւ աջակցությամբ եւ նոր ուղի կբացի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:



Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարարը, վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը, իսկ նոյեմբերի 1-ին նրանք կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզայի, Բերնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ, որոնք անհրաժեշտության դեպքում կայցելեն տարածաշրջան:



Պատասխանելով այն հարցին, թե ինչի հետ է կապված է ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահների այսօրվա այցը Բաքու` Է.Նալբանդյանն ասել է, թե հնարավոր է, որ այս այցը վկայում է որոշ անհասկանալի պահերի մասին, որ կան ադրբեջանական կողմի դիրքորոշման հանդեպ:



Նոյեմբերի 2-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:
 Ուշագրավ
---