Թուրքիան դժգոհել է Երևանում Ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունից

Թուրքիան դժգոհել է Երևանում Ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը դժգոհել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հայտարարությունից, որը վերջինս արել է Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրվածների շարքերում և աջակցել մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը, հայտնում է Ermenihaber-ը։

Վերջինս, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ «հույների կողմից թուրքերի և այլ օսմանցի քաղաքացիների նկատմամբ վայրագություններ իրականացնելու» վերաբերյալ, ասե է, թե այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության նկատմամբ։ «Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»,- ասել է Աքսոյը:

Անդրադառնալով ցեղասպանության հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է.«1915-ի դեպքերի հարցում Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է նախագահ Էրդողանի՝ իր վարչապետության շրջանում՝ 2014 ապրիլի 23-ին հրապարակած հայտարարության մեջ: Այլ բացատրության կարիք չկա»։

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ էր հղել Թուրքիային: Հունաստանի նախագահը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---