Արկադի Տեր-Թադեւոսյան. Մոսկովյան հռչակագիրը ոչինչ չի նշանակում ադրբեջանական կողմի համար

PanARMENIAN.Net - «Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հայկական կողմը շատ սխալներ թույլ տվեց, որոնք շատ լավ օգտագործել եւ օգտագործում է Ադրբեջանը` Հայաստանը ներկայացնելով որպես ագրեսոր: Այս սխալներից մեկն այն էր, որ Հայաստանը, փոխարինելով Լեռնային Ղարաբաղին, դարձավ հակամարտող կողմ եւ ապագայում Ստեփանակերտի հետ բանակցություններ վարելը Բաքուն կներկայացնի որպես զիջումներից մեկը»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ զինված ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման ծրագրի հեղինակ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմմանդոս): Նրա խոսքերով, Մոսկովյան հռչակագրի ստորագրումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ենթադրում է ներկա իրադրության շարունակություն: «Այդ հռչակագրի ստորագրումը ոչինչ չի նշանակում ադրբեջանական կողմի համար, եւ եթե որեւէ մեկը հույս ունի, որ այդ հռչակագիրը բացառում է Բաքվի կողմից ռազմական գործողություններ սկսելը, ապա նա սխալվում է: Մենք պետք է հասկանանք, որ բանակցություններում Ադրբեջանի կողմից միշտ էլ տեղ են ունեցել երկերեսությունն ու խաբեությունը»,- ընդգծել է Արկադի Տեր-Թադեւոսյանը` ավելացնելով, որ Մայնդորֆյան հռչակագիրը կարելի էր նորմալ համարել, եթե Հայաստանի հարեւանը` Ադրբեջանը, լիներ նորմալ, իր խոստումը կատարող երկիր:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:
 Ուշագրավ
---