Ալի Բաբաջան. Թուրքիան ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների վերջնական կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարին կարող է դառնալ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման տարի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, Թուրքիան ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների վերջնական կարգավորմանը: «Սա երազանք չէ, միանգամայն իրական է, որ 2009 թվականին կարող են կարգավորվել հարաբերություները Ադրբեջանի ու Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ»,-ասել է Բաբաջանը, գրում է թուրքական «Hurriet Daily News-ը:



Միեւնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է ԱՄՆ-ի նոր վարչակազմին, որ այն զերծ մնա Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ռացիոնալ չի լինի հաշվի առնել երրորդ երկրի դիրքորոշումն այս հարցում: ԱՄՆ-ի սխալ քայլը կարող է վնասել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասել է Բաբաջանը` հավելելով, որ Թուրքիան միշտ կողմ է եղել իր արեւելյան հարեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը:



ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման նախընտրական արշավի ժամանակ, ինչպես նաեւ լինելով սենատոր, որպես Ցեղասպանություն է որակել 1915 թվականի իրադարձությունները:



Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: 1993 թվականին Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, որտեղ նա հանդես է գալիս Ադրբեջանի կողմից:



2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---