ՀՀ-ում 101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

ՀՀ-ում 101-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից ու երկկողմանի թոքաբորբից բուժվել և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա մի կին, հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 1919 թվականին ծնված Նազանի Սիմոնյանը մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից էր ԲԿ տեղափոխվել, հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով:

Ավելի վաղ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով էր վարակվել 45 անձ։ Նրանց մի մասը տարեցներ էին, մյուսները՝ բուժաշխատողներ։

«Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը: Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,- գրել է Խաչատրյանը։

Ավելի վաղ նույն ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվել էր 96-ամյա մի տղամարդ։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---