ԱԳՆ․ Սադրանքների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

ԱԳՆ․ Սադրանքների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ, հայտարարել է, որ սադրիչ գործողության հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նշվում է, որ հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրանքները:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 13-ի առավոտյան, երկու-երեք ժամվա դադարից հետո, հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---