27 հուլիսի 2020 - 11:08 AMT
Արա Աբրահամյան․ Հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունների սրման համար մեղավոր է Թուրքիան

Հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների սրման համար մեղավոր է Թուրքիան, հայտարարել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, փոխանցում է Mk.ru-ն։

Ավելի վաղ հուլիսյան սահմանային բախումների ժամանակ Թուրքիան հայտարարել էր, թե պաշտպանում է Ադրբեջանին, իսկ հայկական կողմն ագրեսոր է։

Նա նշել է, որ երբ ամեն ինչ սկսվել է, իշխանության վերին էշելոնները սկսել են պայքարել ազգամիջյան հակասությունների սրման դեմ։ Աբրահամյանի խոսքով՝ կատարված իրադարձությունները բեմադրված են եղել դրսից։

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո աշխարհի մի շարք երկրներում ու նաև ՌԴ-ում սրվել են հարաբերությունների հայերի ու ադրբեջանցիների միջև։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին միայնակ քայլող հայերի վրա, վնասել նրանց մեքենաները։ Հուլիսի 25-ին հայտարարվել էր, որ Մոսկվայում տասնյակներով ձերբակալություններ կան՝ բախումներ հրահրելու կամ կազմակերպելու պատճառով։ Նրանց դեմ քրգործեր են հարուցվել խուլիգանության հոդվածով։

«Դա կազմակերպված էր ՌԴ տարածքից դուրս։ Ես համոզված եմ, որ դա կազմակերպված էր Թուրքիայի կողմից։ Ցանկանում եք պատերազմել, պարոնայք ադրբեջանցիներ, ահա սահմանը` գնացեք և կռվեք, այնտեղ օգնության են սպասում»,- ասել է նա՝ հավելելով, թե փորձ է արվում հերոս խաղալ։

Աբրահամյանը նշել է, որ Մոսկվայում իրավիճակը կարգավորվել է, սակայն դեռ ամեն ինչ 100%-ով որոշված չէ։

«Շնորհակալություն իրավապահ մարմիններին, նրանք սկսեցին կոշտ խաղալ։ Լավրովը հանդիպման ժամանակ շատ կոշտ էր խոսում»,-ասել է Աբրահամյանը՝ նշելով, որ դեռ երբեք չէր տեսել, որ ՌԴ ԱԳ նախարարն այդքան խիստ արտահայտվի։

Հուլիսի 24-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել էր համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ ԱԳՆ-ն հայերին կոչ են արել չտրվել ադրբեջանական սահաններին։