Ուռուցքաբանության կենտրոնում մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահ է բացվել

Ուռուցքաբանության կենտրոնում մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահ է բացվել

PanARMENIAN.Net - Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) բացվել են նոր բաժանմունքներ՝ Կանանց առողջության կլինիկան, Թորակալ վիրաբուժության, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահը, որը լիովին նոր մոտեցում է Հայաստանում և տարածաշրջանում։

ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում կառուցվել է հարմարավետ տաղավար, որտեղ պացիենտները մաքուր օդին քիմիաթերապիա կամ այլ դեղորայքային բուժում կստանան իրենց ուղեկիցների ներկայությամբ, հիվանդանոցային իրականությունից կտրված։ Ըստ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի` բացօթյա սրահի ստեղծման մեջ շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակը։

Անհրաժեշտության դեպքում բացօթյա սրահը կարող է արագ վերաձևավորվել և գործածվել նաև բժշկական գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու համար։

Վերաբացվել են նաև Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքները։

«4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա:

Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում:

Մանուկյանի խոսքով` նոր հիվանդասենյակներում պացիենտների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները, բուժկենտրոնը շարունակում է ձեռք բերել նորագույն բժշկական սարքավորումներ։

Կենտրոնի վերջին ձեռքբերումներից են Leica ընկերության վիրաբուժական մանրադիտակը, թվային տեսախցիկով լաբորատոր մանրադիտակը և կրիոստատը, Pentax ընկերության նորագույն տեսաբրոնխոսկոպը, Hologic ընկերության դենսիտոմետրը, ռենտգեն պատկերները թվայնացնող սարքը և այլն։

Հաջորդիվ նախատեսվում է վերանորոգել Մամոլոգիայի, Ոսկրային ուռուցքաբանության և Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքները։ Տնօրեն Նարեկ Մանուկյանը մտադիր է մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր աշխատանքները հասցնել ավարտին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---