Անկախության օրը՝ վիրտուալ․ Անսպասելի վայրերում համերգներից մինչև տոնական ֆլեշմոբ

Անկախության օրը՝ վիրտուալ․ Անսպասելի վայրերում համերգներից մինչև տոնական ֆլեշմոբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ընդառաջ ՀՀ անկախության օր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տոնական օրվա վիրտուալ միջոցառումների ցանկը՝ տոնական համերգներից մինչև հայրենաճանաչմանը նվիրված տեսահոլովակներ։

Առաջին ալիքի եթերն այդ օրն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։

11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում․ հեռուստադիտողը, օրինակ, հնարավորություն կունենա լսելու թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը՝ Աժդահակի գագաթից, Նորայր Քարտաշյանին ու «Մենուային»՝ Երերույքի տաճարից, Հայկ Մելիքյանին՝ Սարդարապատից։

Անկախության տոնին հնարավոր կլինի հետևել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռին», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև համույթի կատարումներին։

Եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով:

Տոնական եթերին իրենց ողջյուններն են փոխանցելու նաև սահմանը պահող մեր տղերքը։

«Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կներկայացվի հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:

Տոնական օրվան ընդառաջ՝ առաջարկվում է նաև միանալ «Մեր հայրենիք» ֆեյսբուքյան արշավին։ Օգտատերերին առաջարկվում է իրենց ձեռագրով գրել անկախության 29-ամյակի խորագիրը՝ «Մեր Հայրենիք» Հայաստանի բնությունը պատկերող՝ սեփական լուսանկարների վրա, ու հրապարակել դրանք #ՄեյՀայրենիք հեշթեգով։

ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---