Մնացականյանը՝ Լավրովին․ Առաջնահերթ է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարը

Մնացականյանը՝ Լավրովին․ Առաջնահերթ է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: Նա վերահաստատել է ՀՀ հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին։

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։

Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Մնացականյանը փաստել է, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---