Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը,ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պաշտոնատար այլ անձինք:



Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի, Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի 10-րդ` հոբելյանական նիստում անցած տարվա հոկտեմբերին կայացված որոշումների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ առեւտրատնտեսական կապերն ավելի ամրապնդելու եւ փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու եւ այլ հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---