ԱԳՆ․ 1990-ի հունվարին Բաքվում հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը![]() 13 հունվարի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը: 1990-ի հունվարի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվում էին 7 օր: Դրանց ընթացքում սպանվեց մոտ 400 հայ, մոտ 200-ն էլ վտարվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: «31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ: «Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով: Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով Եվրոպայի ԱԳՆԽ-ին ու Խորհրդին պաշտպանել հայերին ԽՍՀՄ կառավարության առջև և պահանջում էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցույցաբերել: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Միխայիլ Գորբաչովին, որտեղ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մտահոգություն էին հայտնում ու կոչ անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվել է մոտ 300,000 հայ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |