Դատախազություն․ Պատերազմում 9094 անձ է վիրավորվել

Դատախազություն․ Պատերազմում 9094 անձ է վիրավորվել

PanARMENIAN.Net - 2020թ. ընթացքում Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Այդ մասին հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է նաև, որ 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողկան աշխատանքների շարունակման հետ:

Ըստ ԱՆ-ի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը, և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:

Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։Փետրվարի 17-ի դրությամբ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---