Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետ նշանակելու վերաբերյալ քաղաքական ուժերի կարծիքները չեն համընկնում

PanARMENIAN.Net - Կենտրոն համայնքի պետ Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետ նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը շատ անսպասելի եւ հանկարծակի էր: Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Խորհրդարանի պատգամավոր Արամ Սաֆարյանի կարծիքով, նախորդ օրվա փոփոխությունները միանգամայն ընդունելի են իրենց համար: «Ես չեմ ցանկանում որեւէ բան մեկնաբանել, ՀՀԿ-ն լիարժեք իրավունք ունի փոխարինելու իր անդամներին այդ պաշտոնում»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նա նաեւ ավելացրել է, որ «Բարգավաճ Հայաստանն» իր թեկնածուի հետ միասին պատրաստվում է ընտրություններին եւ մոտավորապես մի շաբաթից պաշտոնապես կհայտնի այդ մասին:



«Ժառանգություն» կուսակցությունից Խորհրդարանի պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այդ կապակցությամբ հայտնել է, որ հանրապետությունում կան օրենսդրական թերություններ: Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւս մեկ անգամ մատնանշում է իշխանությունների անթաքույց քաղաքականությունը, մատնանշում է, որ նրանց համար սահմանափակումներ գոյություն չունեն: Ես կարծում եմ, որ դա պարզապես խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտնել է նա:



Նա ավելացրել է, որ հնարավոր է` «Ժառանգություն» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը համատեղ թեկնածու կներկայացնեն Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար:



Ինչպես հայտնել է իշխող ՀՀԿ կուսակցությունից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, փետրվարի 28-ի ՀՀԿ նիստից հետո արդեն պարզ դարձավ, որ Գագիկ Բեգլարյանը կփոխարինի Երվանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում: «Ես ցավում եմ, որ ընդդիմության մոտ այնպիսի կարծիք է ստեղծվել, որ քաղաքապետի ընտրությունների ելքը կանխորոշված է: Ընդհանուր առմամբ, նախքան ընտրությունները Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում կխանգարի, եւ ոչ թե կօգնի Բեգլարյանին իր նախընտրական քարոզարշավում»,- հայտնել է նա:
 Ուշագրավ
---