ՀՀ-ում ազատազրկման այլընտրանք կներմուծվի՝ տնային կալանք. Օրինագիծն ընդունվել է

ՀՀ-ում ազատազրկման այլընտրանք կներմուծվի՝ տնային կալանք. Օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ կներմուծվի՝ տնային կալանք։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը և կից օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը:

Տնային կալանքի տեսքով ազատության սահմանափակումը իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների օգնությամբ։

Քրեական օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2022-ի հուլիսից, իսկ տնային կալանքի դրույթի ներմուծումը նախատեսվում է 2023-ի հուլիսի 1-ից։

Մայիսի 4-ի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն ասել էր, որ ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակները հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նա հավելել էր, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց:

Մեկ այլ փոփոխությամբ, արագացված դատաքննությունը կփոխարինվի համաձայնեցման վարույթով։ Այս դեպքում մեղադրյալն իրավունք կունենա մինչ գործի բուն քննություննը ընդունել մեղադրանքն ու դատախազի հետ բանակցել նշանակվող պատժի, տուժողին վնասի հատուցման շուրջ, որի արդյունքում պատիժը կարող է ավելի մեղմ լինել։

Նախատեսվում է նաև կարգապահական գումարտակների ստեղծում (շարքայինների և ենթասպաների համար) և կալանք ռազմական ոստիկանությունում (սպաների համար)։ Կարգապահական գումարտակները և դրանցում պատիժ կրելու կարգը նախատեսվում է հաստատել է 2023թ․ հուլիսի 1-ից ոչ ուշ։

Ակնկալվում է, որ նախատեսվող վարույթներով դատավարական ձևի պարզեցումը կնպաստի դատարանների և քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հանցագործություններին առավել արագ և օպերատիվ արձագանքելուն, գործերն առավելագույն տնտեսման պայմաններում արդյունավետ քննելուն և լուծելուն:

Գործող Քրեական օրենսգիրքն ընդունվել էր 2003-ին և առաջացել էին որոշակի խնդիրներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---