Մակրոնն Էրդողանի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակը

Մակրոնն Էրդողանի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հանդիպումը կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որն անցնելու է Բրյուսելում` հունիսի 14-ին։

«Ես ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին»,-ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Էրդողանին է ներկայացնելու այն աշխատանքը, որը Ֆրանսիան վարում է ծայրահեղ իսլամիզմի և անջատողականության դեմ։

«Դա լավ հնարավորություն կլինի մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար։ Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք այդ մասին, բայց, կարծում եմ, որ հարկավոր է երկխոսություն վարել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անկախ մեր տարաձաւնություններից, մեզ բանավեճ է հարկավոր դեմ առ դեմ։ Խոսել պետք է միշտ, նույնիսկ, երբ կան տարաձայնություններ»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ միշտ պարզ է արտահայտվել մարդու իրավունքների, լրագրողների պաշտպանության և քաղաքական ընդդիմության հարցերում։

Վերջին շրջանում Մակրոնի և Էրդողանի հարաբերությունները լարված են։ 2020-ի աշնանն ու դեկտեմբերին Ֆրանսիան բազմիցս պահանջել է Թուրքիայից պարզաբանել իր դերը ղարաբաղյան հակամարտությունում, իսկ Մակրոնը հայտարարել, որ Փարիզը տեղեկություններ ունի, որ Անկարան գրոհայիններ է ուղարկում Սիրիայից Լեռնային Ղարաբաղ։ Նա նաև սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի միակողմանի գործողություններից Հունաստանի և Կիպրոսի հանդեպ։ Դեկտեմբերին ԵՄ-ն որոշեց ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկը Միջերկրական ծովում վերջինիս գործողությունների պատճառով։

Էրդողանն իր հերթին խիստ քննադատել էր Մակրոնին իսլամական անջատողականության դեմ պայքարելու նրա կոչերի պատճառով։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---