Էրդողանը Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը ՌԴ կողմից խոչընդոտելու մտադրություն չի տեսնում

Էրդողանը Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը ՌԴ կողմից խոչընդոտելու մտադրություն չի տեսնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական է համարում ՌԴ վերաբերմունքը Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և դրան խոչընդոտելու մտադրություն այդ երկրի կողմից չի տեսնում։ Այդ մասին նա ասել է լրագրողներին Ադրբեջան այցից հետո։

«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը և աջակցում ենք դրան։ Ես չեմ կարծում, որ ՌԴ-ից այդ հարցում կարող են ինչ-որ տարաձայնություններ կամ դրա իրականացումը ձգձգելու մտադրություններ լինել։ Ճիշտ հակառակը՝ Ռուսաստանը շատ բարյացակամ է տրամադրված միջանցքի հարցում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը՝ NTV հեռուստաալիքին հղումով։

Էրդողանը հավելել է, որ մոտ ապագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է ծրագրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Շուտով ես էլ կհանդիպեմ Պուտինի հետ»,-ասել է Թուրքիայի նախագահը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը դեռևս այդպիսի մտադրությունների մասին չի հայտնել։

«Կա մեկ գործոն՝ հիմա մենք սահմանափակված ենք ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարության 5-ամյա ժամկետով։ Եվ մենք կցանկանայինք իրականացնել այդ նախագիծը այդ 5-ամյա ժամկետի շրջանակում»,-ասել է Էրդողանը։

Նա կրկին հիշեցրել է ԼՂ գծով գործակցության 6-ակողմ հարթակի ստեղծման Անկարայի և Բաքվի նախաձեռնության մասին՝ ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ։

«Այդ համատեքստում առաջատար երկրներն են ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Բայց մենք ուզում ենք, որ միանան նաև Վրաստանն ու Հայաստանը»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Վրաստանի կողմից կա դրական վերաբերմունք այս հարցում։

«Զանգեզուրի միջանցք» ասվածը նախատեսում է կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հասնելու է այդ միջանցքի ստեղծմանը, անկախ Հայաստանի ցանկությունից, և եթե պետք կլինի՝ կհասնի դրան ուժով։ ՀՀ-ն հայտարարում է, որ ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կարող են բացվել կոմունիկացիաները։ Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ միջանցք բացելու մասին խոսք չկա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---