ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ․ Աջակցում ենք Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ․ Աջակցում ենք Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ուեցած ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին։

«Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին ՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ»,- ասել է Զեան, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Զեան նշել է, որ ԱՄՆ շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևորել է Նյու Յորքում վերջերս կայացած Մինսկի Խմբի հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:

«Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը: Երկու կառավարություններին էլ հորդորում ենք հետաքննել մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ մեղադրանքները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասել է նաև, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին։

Զեան նաև կարևորել է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերը հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորման ուղղությամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---