Հայաստանի դատախազի նախկին տեղակալին դատապարտել են 3 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Հայաստանի դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Ինչպես հաղորդում է Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը, նրան դատապարտել են ազատազրկման` 3 տարի ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը հաշվվել է 2008 թվականի փետրվարի 23-ից:



Գագիկ Ջհանգիրյանը աջակցեց ընդդիմությանը 2008թ. փետրվար-մարտին տեղի ունեցած հետընտրական ցույցերի ժամանակ եւ մեղադրեց իշխանության ներկայացուցիչներին ընտրությունները կեղծելու մեջ: 2008թ. փետրվարի 23-ին նա ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից: Նույն օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով, Ջհանգիրյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նրան մեղադրանք ներկայացվեց ՀՀ ՔՕ 316 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 235 («զենքի ապօրինի պահում») հոդվածներով: Ավելի ուշ 235 հոդվածով ներկայացված մեղադրանքը հանվեց եւ ներկայացվեց նոր մեղադրանք 300 հոդվածի 1 մասով (պետական իշխանության ուզուրպացիա):
 Ուշագրավ
---