300 կովիդ-հիվանդ հոսպիտալացման հերթի մեջ է, ազատ մահճակալ չկա

300 կովիդ-հիվանդ հոսպիտալացման հերթի մեջ է, ազատ մահճակալ չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է՝ հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է։ Այդ մասին հայտարարել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, գրում է Aysor.am-ը։

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։

Ռոմելլա Աբովյանը նշել է, որ հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, ապա Հայաստանը կհայտնվի վառվող կարմիր գոտում։ Նա նշել է, որ դեպքերը բավականին ծանր են։ «Ունենք մոտ 50 տոկոս դեպքերի աճ, վարակի վերարտադրողականության ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է», - ասել է նա։

Աբովյանի խոսքով՝ ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1․5-ից մինչև 1․7 անգամ դեպքերի աճ։ Բացի դրանից, Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն։

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը երիտասարդացել է ու, հիմնականում, ավելի շատ թիրախավորված է 30-50 տարեկան ազգաբնակչությունը, կան նաև դեպքեր երեխաների շրջանում, ովքեր ունեն հոսպիտալացման կարիք ու այս պահին բուժում են ստանում։

Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---