Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը![]() 10 նոյեմբերի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, հայտնում է ՀՅԴ գրասենյակը Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի վրա հղումով։ «Այսօր պատմական օր է Հայ Դատի համար։ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկությունների»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Հաջորդ ընթերցումը կկայանա 2022-ի մարտի 18-ին: Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կայացել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը: Նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։ Ըստ ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը: Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ էին արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |